Երբ մարդը կամ որևէ մարդկային համակարգ կարողանում է լուծել կյանքի կողմից իր առջև դրված խնդիրները, ապա, ընդհանուր առմամբ, նրա մենթալիտետը չի կտրվում իրականությունից, լավագույն դեպքում, այն հարմոնիայի մեջ է իրականության հետ։
Հակառակ դեպքում, երբ մարդիկ չեն կարողանում լուծել կյանքի կողմից իրենց առաջ դրված խնդիրները, մանավանդ, երբ դրանք ունենում են շատ ռիսկային ու գոյաբանական բնույթ, մարդկանց մտածելակերպը, պահվածքն ու գործողությունները աստիճանաբար կտրվում են իրականությունից։
Բայց, քանի որ այդ պայմաններում ևս մարդ արարածը դարձյալ ձգտում է հարատև և բարձրորակ կյանքի, ապա ռացիոնալ գործողությունների դիմելու անհնարինությունը մարդկանց մղում է իռացիոնալ և երազային քայլերի, մի երևակայական աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է։
Ժամանակին նման երազային կյանքը ծնել է հայ ժողովրդի հեքիաթները, իսկ այսօրվա կյանքը ծնում է բազմաթիվ ժամանակակից հեքիաթներ՝ ամպագոռգոռ, անիրականանալի պլանների տեսքով, անիմաստ կուսակցությունների փսևդոծրագրերի տեսքով, իսկ ավելի բարձր՝ պետական մակարդակով, նման մոտեցումը ծնում է կյանքի համատարած իմիտացիա՝ անիրագործելի սահմանադրության, անիրագործելի իշխանությունների բաժանման, անիրագործելի դատական համակարգի, անիմաստ պառլամենտի, անիմաստ ընդդիմության և այլ բազում անիմաստ տեսքերով։
Այս բոլորը բերում են երկրի հավաքական հզորության կտրուկ անկման, որն էլ մեզ խաղալիք է դարձնում օտարների ձեռքին։
Այս վիճակում մենք այլևս մեր ճակատագրի տերը չենք, այլ, պարզապես, ուրիշների գլոբալ պայքարի ծնած հանգամանքների գերին։
Այս պայմաններում, երբ մենք իրադարձությունների ընթացքի վրա ազդելու աննշան հնարավորություններ ունենք, մեզ մնում է, հասանելի ինֆորմացիայի ու ներքին հնարավորությունների սահմաններում, գոնե ընդհանուր գծերով հասկանալ հզորների խաղն ու գլոբալ ընթացքի տենդենցները՝ սպասվելիք հարվածները հնարավորինս մեղմելու համար։
Պավել Բարսեղյան